24 ապրիլի 2007 - 14:56 AMT
Ֆրանսիայի Մեդոն լա Ֆորե քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան
Ապրիլի 21-ին Ֆրանսիայի Մեդոն լա Ֆորե քաղաքի քաղաքապետ Էրվե Մարսեյը եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը քաղաքի կենտրոնական հրապարակում հանդիսավոր կերպով կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի եւ հանուն Ֆրանսիայի ընկած հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, խորհրդարանի այլ անդամներ, Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի պատվիրակներ, շրջակա քաղաքների քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսահայ հոգեւոր իշխանությունների ներկայացուցիչներ եւ Մեդոնի լա Ֆորեի հարյուրավոր բնակիչներ: Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմների ներքո խոնարհվեցին մարտական դրոշները, հուշաքարին զետեղվեցին ծաղկեպսակներ:
«Պատահական չէ, որ հուշաքարին գրված է` 1915թ. ցեղասպանության նահատակների եւ հանուն Ֆրանսիայի ընկած հայ ռազմիկների հիշատակին: Դա մեծապես խորհրդանշական է, քանի որ հենց ցեղասպանությունից փրկվածների զավակներն էին, որ լիովին նվիրվեցին Ֆրանսիային, որպես երախտիքի նշան Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը տալով հանուն նրա: Մենք հավաքվել ենք այստեղ հարգանքի տուրք մատուցելու մարդկության դեմ գործված ոճիրի զոհերի հիշատակին, բայց նաեւ` փառքով պսակելու հիշատակը նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն այդ նույն մարդկային արժեքների»,-բացման խոսքում ասաց դեսպան Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: