24 ապրիլի 2007 - 21:46 AMT
Մոսկվայի հայերը կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու զղջալ
Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Մոսկվայում սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան` Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին «Հայ Դատի» մոսկովյան գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանը, ապրիլի 24-ին տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է անցել, որը ղեկավարել է Հայ Առաքելական Եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Եկեղեցու բակում գտնվող խաչքարին ծաղկեսպակներ դրվեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան անունից, Մոսկվայի հայկական կազմակերպությունների, երիտասարդական միությունների ներկայացուցիչների կողմից:

«15:00-ին հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, մոտ 500 հոգի, ուղվել են դեպի Մոսկվայում Թուրքիայի դեսպանատուն: Նրանց հետ էին Մոսկվայում քրդական, հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները: Մոսկվայի երիտասարդական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու զղջալ»,- նշել է Նավոյանը: