25 ապրիլի 2007 - 00:12 AMT
Ջորջ Բուշը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն չանվանեց
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Ջորջ Բուշի ուղարձում, մասնավորապես, ասվում է. «Ամեն տարի այսօր մենք հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի զոհերի հիշատակին, երբ գրեթե մեկուկես միլիոն հայեր մահացան Օսմանյան Թուրքիայի վերջին տարիներին, որոնցից շատերը դարձել են զանգվածային սպանությունների եւ տեղահանությունների զոհ: Աշխարհը երբեք չպետք է մոռանա պատմության այդ ցավագին էջի մասին:

Նրանք, ովքեր հարգում են ազատությունն ու մարդկային կյանքի արժեքը, այս ողբերգությանը ահով եւ ցավով են նայում: Ողջ մնացածներից շատերը վտարվել են իրենց նախնիների երկրից եւ սփռվել են ողջ աշխարհով: Եւ այնուամենայնիվ այս ահավոր ողբերգության ժամանակ աշխարհը ականատես դարձավ հայ ժողովրդի անսաստ ոգուն եւ բնավորությանը: Ողջ մնացած խիզախներից շատերը ժամանել են Ամերիկա, որտեղ պահպանել են խորը կապն իրենց պատմության եւ մշակույթի հետ: ԱՄՆ-ում հայերի սերունդները մեր երկիրը հարստացրել են եւ մեզ խիզախություն եւ դատապարտության զգացում են ներշնչել:

Այսօր մենք հիշում ենք անցյալն ու նայում ենք դեպի ապագան: Մենք ողջունում ենք նրանց, ովքեր Հայաստանում եւ Թուրքիայում աշխատում են երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Օսմանյան կայսրության գոյատեւման վերջին տարիների պատմական իրադարձությունների արդար եւ ազատ հետազոտումն այդ գործընթացի կարեւոր մասն է: ԱՄՆ-ն կոչ են անում եւ պաշտպանում են երկու երկրների այն ներկայացուցիչներին, ովքեր փորձում են բացատրել պատմական փաստերը հուսադրող ապագա կառուցելու համար:

Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի եւ Հայաստանի ամուր կապերը: Մեր ազգը շնորհակալ է Հայաստանին ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ներդրման համար եւ մասնավորապես խաղաղ եւ ժողովրդավարական Իրաքի կառուցման գործում: ԱՄՆ-ն հավատարիմ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքին Լեռնային Ղարաբաղ հակամարտության կարգավորման հարցով: Մենք նաեւ աշխատում ենք Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ուղղությամբ:

Լորան եւ ես մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ամբողջ աշխարհի հայերին այս հիշատակման ողբերգական օրը: Մեր ժողովուրդները միասին են` խաղաղ, ծաղկող եւ արդար աշխարհի կառուցման պատրաստակամության մեջ»: