Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում պահեստի հրդեհման հետևանքով զոհված Ղրղզստանի 14 քաղաքացու մահվան համար մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Այդ մասին նա հայտարարել է Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հետ հեռախոսազրույցում:
«Օգոստոսի 28-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Աբդիլդաևի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Լավրովն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին»,-ասվում է Ղրղզստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 27-ի առավոտյան պահեստ է բռնկվել Մոսկվայի հյուսիս-արևելքում: Հրդեհը համարվել է բարդության երկրորդ աստիճանի: 14 մարդ է զոհվել, կան նաև տուժածներ: Հրդեհված պահեստը պատկանում էր «Պեչատնի էքսպրես» տպարանին: Հրդեհը մարվել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են: Նրանք աշխատում էին այդ տպարանում: