25 ապրիլի 2007 - 00:51 AMT
Թուրքերը 1915 թվականին սպանված հայերի թաղատեղին ներկայացնում են որպես հին հռոմեական դարաշրջանի պանթեոն
Թուրքիայի հարավարեւմտյան Մարդին քաղաքի մերձակայքում նախորդ տարվա հոկտեմբերին հայտնաբերվել էր Մեծ եղեռնի տարիներին նահատակված հայերի զանգվածային թաղատեղի: Թուրքական իշխանություններին չհաջողվեց ինչպես ասում են, ներքին կարգով արագ կոծկել հարցը, թուրքական Նոքթա հանդեսը, ապա նաեւ եվրոպայի քրդական լրատվամիջոցները տարածեցին եղբայրական գերեզմանի լուսանկարները եւ Շվեդիայի Սոդերթոմ քաղաքի համալսարանը պնդեց, որ պատրաստվում են ուսումնասիրել գերեզմանոցը: Ապրիլի 24-ին նշված համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Գաունթը մերժողականության ասպարեզում Թուրքիայի հպարտությունը դարձած Յուսուֆ Հալաչօղլուի ուղեկցությամբ ժամանել էր նշված վայրը եւ կարճատեւ ուսումնասիրությունից հետո պարզապես հրաժարվել թուրքական կողմի հետ աշխատելուց: Գերեզմանը եվրոպացի գիտնականները գտել են ամբողջովին տակնուվրա արված, անհետացել էին նախկինում այստեղ գտնվող գանգերը, ոսկորները, որոնց վրա պետք է պահպանված լինեին սպանությունների ապացույցները: Թուրք ժխտողականը այս անգամ ինքն իրեն գերազանցելով հայտարարել է, թե իր տվյալներով դա հին հռոմեական դարաշրջանի պանթեոն է: Դեւիդ Գաունթը ասել է, թե ակնհայտ տեսնում է, որ գերեզմանում վերջին շրջանում արտաքին միջամտություն է եղել: Նա նույնիսկ հրաժարվել է իր հետ ոսկորների եւ հողի նմուշներ վերցնել` փորձաքննության համար` դա համարելով արդեն անիմաստ, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: