27 ապրիլի 2007 - 16:47 AMT
Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի Ջավախքի հարցում
Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի Ջավախքի հարցում: Եթե Ջավախքը մնա Վրաստանի կազմում, հայկական բնակչության համար վրացերենի իմացությունը անհրաժեշտ է: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Վրաստանի հայ համայնքը պետք է ներկայացված լինի իր երկրի բոլոր բնագավառներում, իսկ դրա համար պետական լեզվի իմացությունն անպայման է: Թե չէ ստացվում է այնպես, որ Ջավախքի` վրացերեն չիմացող երիտասարդությունը գալիս է Հայաստան, եւ աարդյունքում տարածաշրջանում հայեր չեն մնում»,- ընդգծել է պետության ղեկավարը: Նա նաեւ հիշեցրել է հավաքվածներին, որ աշխարհի ցանկացած երկրում պետական լեզվի իմացությունը պարտադիր է, եւ Վրաստանը այդ տեսանկյունից բացառություն չէ: Ռոբերտ Քոչարյանը որպես օրինակ նշեց Ֆրանսիան, որտեղ շատ հզոր հայ համայնք գոյություն ունի: «Պատկերացրեք, եթե նրանք ֆրանսերեն չիմանային: Իսկ այսպես, նրանք կարող են պաշտպանել Հայաստանի շահերը իշխանության բոլոր մակարդակներում: Նույնն է վերաբերվում եւ Վրաստանի հայերին»,- ասել է ՀՀ նախագահը: