5 սեպտեմբերի 2016 - 12:28 AMT
Մեծ պանդան այլևս վտանգված տեսակ չէ. Կենդանիների պոպուլյացիան աճել է

Մեծ պանդան այլևս վտանգված կենդանատեսակ չի համարվում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը` վկայակոչելով բնապահպանների հայտարարությունը:

Բնության պահպանության միջազգային միությունը, որը հետևում է անհետացման վտանգի առաջ կանգնած կենդանատեսակներին ամբողջ աշխարհում, հայտարարել է, որ վերադասակարգում է մեծ պանդաներին` որպես «խոցելի» կենդանատեսակ:

Պանդաների պոպուլյացիան աճել է նրանց բնակմիջավայրը պաշտպանելուն և անտառները վերականգնելուն ուղղված Չինաստանի կառավարության ջանքերի շնորհիվ: Վերջին տասնամյակում պանդաների թիվը վայրի բնության գրկում աճել է 17 տոկոսով` հասնելով 2000-ի:

Մեծ պանդա կամ բամբուկե արջը (լատ.՝ Ailuropoda melanoleuca) կաթնասուն է, որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։ Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ։

Այն ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։ Մեծ պանդան երկար տարիներ համարվել է անհետացող տեսակ, որը բնութագրվում էր պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում էին, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա։ Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը։

Photo: Getty