28 ապրիլի 2007 - 14:57 AMT
Հայաստանը մտադիր է խորացնել քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպական Խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը զրուցակիցները դրական գնահատեցին ԵՄ-ՀՀ համագործակցությունը: Վարդան Օսկանյանը հայտնեց հայկական կողմի ցանկությունը` խորացնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը` քննարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների բելգրադյան փուլի արդյունքները: Նախարար Օսկանյանը նշեց, որ ադրբեջանական կողմի քաղաքական կամքի ձեւավորման դեպքում հնարավոր է առաջիկայում գրանցել առաջընթաց:

Այս կոնտեքստում նախարար Օսկանյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՎՈՒԱՄ-ի բանաձեւի վերաբերյալ` նշելով նախաձեռնության բացասական ազդեցությունը բանակցային գործընթացի վրա: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-թուրքական հարաբերությունների, միջուկային խնդիրների վերաբերյալ Իրանի հետ ԵՄ բանակցություններում վերջին զարգացումների շուրջ: