Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին:
Ավելի քան վեց տասնյակ երկրից պատվիրակություններ են այցելել Հայաստան ֆորումին մասնակցելու նպատակով:
ՀՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված համագործակցությունը և դրա շնորհիվ մեր երկրում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի արդյունքում այժմ ՀՀ տասը մարզի մոտ 83.000 երեխա ապահովված է դպրոցական սննդով:
Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ՌԴ կառավարության օժանդակությամբ:
Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանում ծրագիրը շարունակական է լինելու և այդ նպատակով աշխատանքներ են իրականացվում «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ստեղծման ուղղությամբ:
Սարգսյանը կարևորել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի 17 նպատակի մի մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:
Հանդիպմանը Սարգսյանը ներկայացուցիչներից հետաքրքրվել է իրենց երկրներում այդ ուղղությամբ տարվող քաղաքականության և տվյալ ոլորտում փորձի մասին:
Նախագահը հանդիպման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն ու ներկայացուցիչ Պասկալ Միշոյին և Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովին, Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար, պարգևատրել է Երախտագիտության մեդալով: