ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը պատրաստ է: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նախագիծը պատրաստ է, բայց դա Արցախի և Հայաստանի բարձր ղեկավարության որոշելու հարցն է»,- խոսելով փաստաթղթի ստորագրման մասին՝ ասել է փոխնախարարը:
Նա նշել է, որ 20 տարուց ավելի է` ԼՂ հիմնահարցի վերաբերյալ գործընթացները շարունակվում են:
«Պարբերաբար լինում են հանդիպումներ: Բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կայունությունը շփման գծում, սակայն Ադրբեջանը, ըստ էության, խախտում է պայմանավորվածությունները»,- ասել է Քոչարյանը, մեջբերում է «Երկիրը»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը 2016-ի ապրիլին տեղեկացրել էր, որ ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական ոլորտում փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում:
«Պետք է վերջնական տեսքի բերենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո կարող ենք խոսել վավերացման մասին»,- պարզաբանել է փոխնախարարը: