7 սեպտեմբերի 2016 - 10:39 AMT
Էրդողանը կողմ է Ռաքքան ԻՊ-ից ազատագրելու Օբամայի առաջարկին

Անկարան պատրաստ է ընդունել սիրիական Ռաքքան «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու համատեղ գործողության մասին Վաշինգտոնի առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ԻՊ գլխավոր կենտրոնը Ռաքքան է: Օբաման ասել է ինձ, որ ցանկանում է ինչ-որ գործողություն ձեռնարկել Ռաքքայում մեզ հետ միասին: Մենք պատասխանեցինք, որ մեր կողմից խնդիր չկա: Առաջարկել ենք, որ զինվորականները հավաքվեն և քննարկեն հարցը»,-ասել է Էրդողանը` G20-ից վերադառնալիս, հայտնել է Hurriyet-ը:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «պետք է ցույց տա, որ գոյություն ունի տարածաշրջանում» և իրավունք չունի «նահանջել»: Նա նշել է նաև, որ Անկարան խնդիրներ չունի Վաշինգտոնի հետ Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության հարցում:

Ռաքքան ահաբեկիչների հսկողության տակ է 2013-ից: Գրոհայիններն այստեղ ստեղծել են «խալիֆատի» կառավարման օրգաններ և իրենց «մայրաքաղաքն» են համարում: Ռաքքայի գրոհին մասնակցում են Սիրիայի Ժողովևրդավարական ուժերը, որի կորիզը կազմում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները` YPG: Օդից նրանց աջակցում է միջազգային կոալիցիայի օդուժը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: