30 ապրիլի 2007 - 16:47 AMT
ԵԽ Գլխավոր քարտուղարը Թուրքիայի իրավիճակի մասին. Զինվորականները պետք է մնան զորանոցներում եւ չմիջամտեն քաղաքականությանը
«Ես շատ մտահոգ եմ Թուրքիայում զինվորականների կողմից վերջերս արված հրապարակային հայտարարությամբ»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, այդ հայտարարությունը դիտարկվում է որպես երկրի նոր նախագահի ընտրություններին ազդելու բանակի փորձ: «Զինված ուժերը պետք է մնան զորանոցներում եւ չմիջամտեն քաղաքականությանը: Թուրքիայի ժողովուրդը մեծ հաջողությունների է հասել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության պաշտպանության ճանապարհին այն բանից ի վեր, երբ այդ երկիրը անդամակցեց Եվրոպայի Խորհրդին 1949 թվականին: Այդ նվաճումները չի կարելի հարվածի տակ դնել»,-նշել է նա:
«Ժողովրդավարական երկրում բանակը գտնվում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հրամանատարության ներքո: Բանակն որպես այդպիսին չունի ժողովրդավարական լեգիտիմություն եւ, հետեւաբար, չի կարող քաղաքական դերակատարություն ունենալ: Ես շոկի մեջ եմ, որ ԵԽ անդամ երկրում զինվորականները կարող են նման կերպ իրենց պահել ժողովրդավարական եւ սահմանադրական գործընթացներում, որպիսին է նաեւ նախագահական ընտրությունները: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին հստակ դիրքորոշում որդեգրել քաղաքական գործընթացներին զինված ուժերի միջամտության դեմ»,-հայտարարել է Թերի Դեւիսը: Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է եւ ի վիճակի է նախագահական ընտրություններն անցկացնել երկրի Սահմանադրությանը համապատասխան:
Նշենք, որ շաբաթ օրը Թուրքիայի Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ երկրի զինված ուժերը անհրաժեշտության դեպքում բացահայտորեն եւ հստակ կդրսեւորեն իրենց դիրքորոշումը աշխարհիկ կարգի պաշտպանության հարցում, այդպիսով հանդես գալով վարչապետ Ռեջեփ Էրդողանի իշխող կուսակցության դեմ, որը երկրի նախագահի պաշտոնի համար առաջադրել է արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: