Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» անդամ Դավիթ Ուսուպաշվիլին կողմ է Վրաստանում ամերիկյան ռազմակայանի տեղակայմանը: Նա գտնում է, որ դա կենսական նշանակություն ունի երկրի համար, հայտնում է apsny.ge-ն:
«Մինչ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրական դառնա, Վրաստանը պետք է հոգ տանի իր տարածքում ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի այլ անդամների ռազմակայանի տեղակայման մասին: Դա կենսական կարևորության խնդիր է երկրի անվտանգության և պաշտպանության համար»,-հայտարարել է Դավիթ Ուսուպաշվիլին «Ռուսթավի-2»-ի հեռուստաալիքի եթերում:
Սեպտեմբերի 7-ին Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որի շրջանակում Վրաստան է ժամանել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այցի շրջանակում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: