Թուրքիայում գործող հայկական Aras հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական Evrensel.net լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:
Ermenihaber.am-ը գրում է, որերեխաների համար նախատեսված այս ձեռնարկի տպագրությունը կարևոր է հատկապես Թուրքիայի դպրոցներում հայերի, հույների ու քրդերի նկատմամբ սերմանվող բացասական վերաբերմունքը փոխելու տեսանկյունից:
Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ գիրքը դպրոցականների շրջանում բավականաչափ տարածվելու դեպքում կարող է նպաստել 2 ժողովրդի միջև բարեկամությանը:
Թուրքերենով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերենի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ: