2 մայիսի 2007 - 15:04 AMT
Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի հայ եւ ադրբեջանցի ուսանողների միջեւ
Մայիսի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) տարածքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ուսանողների միջեւ: Բախման մասնակիցներ են դարձել հիմնականում հայաստանցիներն ու ադրբեջանցիները: Կռիվը դադարեցրել են համալսարանի անվտանգության աշխատակիցները եւ ՕՄՈՆ-ի մարտիկները, սակայն այն շարունակվել է արդեն հանրակացարանի շենքում, որտեղ ուսանողները թաքնվել են իրավապահներից: Որոշ տվյալներով, մեկ մարդ հոսպիտալացվել է հրազենի վնասվածքով, մի քանիսին տեղում է բժշկական օգնություն ցուցաբերվել: Ձերբակալվել է շուրջ 20 հոգի, նրանք բոլորն արտերկրից են: Դեպքի վայրից իրադարձությունների տեսագրության վրա նկատվում են երիտասարդության երկու խմբերի կուտակումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային դրոշներով: Ուսանողները բղավում էին «Ղարաբա'ղ, Ղարաբա'ղ»: Մայիսի 1-ին Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանում միջոցառում էր անցնում «Մոլորակ Հարավ-Արեւմուտք» անվանումով եւ տեղադրվել էին տարբեր հանրապետությունների տաղավարներ: Ադրբեջանի եւ Հայաստանի տաղավարներում կախված էին քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրի վրա հանրապետության մի մասն էր կազմում նաեւ Լեռնային Ղարաբաղը: Մոսկվայի ՆԳՎ-ն պաշտոնապես հաստատել է ՌԺԲՀ-ում ուսանողների միջեւ բախման փաստը: Այժմ ձերբակալված հրահրողների հետ պարզաբանում է տարվում «Չերյոմուշկի» ՆԳԲ-ում: Ծեծկռտուքի ժամանակ կիրառվել է տրավմատիկ զենք: Ներկայումս որոշվում է քրեական գործ հարուցելու մասին հարցը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: