8 սեպտեմբերի 2016 - 14:50 AMT
Լավրովը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումը

Սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող ակտուալ հարցեր` ներառյալ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում, ասվում է հաղորդագրության մեջ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: