Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին հայտարարել է, որ իր երկիրը ջանում է երկաթուղու միջոցով միացնել Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքը Թուրքիայի հետ, հայտնում է Iran.ru-ն:
«Մենք զարգացնում ենք բոլոր երկաթուղային ճանապարհները Ռեշտից Զինջան ու Թավրիզ: Այդ երկաթուղին կմիացնի քաղաքները Թուրքիայի, Հայաստանի և Նախիջևանի հետ»,-ասել է նա:
Նա նշել է նաև, որ հաշվի է առնվել ինչպես գնացքների արագությունը, այնպես էլ բեռնվածության ավելացումը:
Ախունդին ասել է, որ նախատեսվում է ներառել Թավրիզն ու Գիլյան գավառի քաղաքները` դրանք նաև Ադրբեջանի հետ միացնելու հեռանկարով: Նա նշել է նաև, որ Իրանը ձգտում է ընդլայնել երկաթուղային ցանցը Կասրե-Շիրինից դեպի Իրաք, իսկ հետո` Սիրիա և Միջերկրական ծով Քրդստանի տարածքով:
Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը: