10 սեպտեմբերի 2016 - 10:39 AMT
«Ավրորա» մրցանակի 2017-ի առաջադրումների փուլն ավարտված է. Ստացվել է 558 հայտ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2017թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է։ 2016 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ:

Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում նշվում է, որ առաջադրումներ կատարվել են 66 երկրից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Մեծ Բրիտանիայից։

«Ավրորա» մրցանակը երկրորդ տարում գրանցել է առաջադրումների թվի աճ` մոտ երեք անգամ. 2015 թվականին ստացվել էր 186 հայտ՝ 6 լեզուներով, 27 երկրներից և ընդգրկել 113 չկրկնվող թեկնածություններ։

«Մենք շատ ուրախ ենք, որ ստացել ենք այսքան առաջադրումներ աշխարհի բոլոր կողմերից: Ընդամենը երկրորդ տարին է, իսկ «Ավրորա» մրցանակի տեսլականը՝ որ մարդկությունը կարող է և պետք է մեծարի նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելու գնով փրկում են ուրիշներին, նորովի է զորանում։ Միայն նման մարդկանց գոյության շնորհիվ է, որ հայությունը` նաև իմ ընտանիքը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը, և մեր երախտագիտությունը հայտնելու համար է, որ մենք ցանկանում ենք այս մրցանակը կիսել նրանց հետ, ովքեր վտանգին հանդիման՝ դրսեւորում են մարդասիրություն»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Առաջադրված թեկնածություններն այժմ կվերստուգվեն գիտակ և փորձառու մասնագետների խմբի կողմից, որոնք իրենց հերթին կներկայացնեն թեկնածուների վերջնացուցակը՝ ընտրված ըստ ցուցաբերված խիզախության, նվիրումի և ազդեցության։ Լավագույն 20 թեկնածուների անուններն այնուհետև կփոխանցվեն Ընտրող հանձնաժողովին, որն այժմ նախագահում է դերասան և բարերար Ջորջ Քլունին և որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար և Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին։

«Առաջին տարվա տպավորիչ արձագանքից հետո այս տարվա առաջադրումների մեծ թիվն անչափ խոստումնալից է: Մենք լիահույս ենք, որ կխթանենք «Ավրորա» մրցանակի առաքելությունը և կշարունակենք աշխարհի համար բացահայտել 2016 թվականի դափնեկրի՝ Մարգարիտ Բարանկիցեի նման մարդասերների ոգեշնչող պատմությունները»,- ասել է է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017թ. փետրվարին, ինչին կհաջորդի ապրիլյան միջոցառումների շարքը՝ մարդասիրության ոլորտի գործիչները քննարկումներ կծավալեն աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների շուրջ, Երևանում կփառաբանվեն մարդասիրությունն ու մրցանակի հավակնորդները և հանդիսավոր արարողությամբ կհայտարարվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։

«Ավրորա» անդրանիկ մրցանակը շնորհվեց Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեին։ Խավարի ու հուսահատության պահին անձնվիրաբար ուրիշներին օգնելու համար նա դարձավ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ստանալով $100,000 պարգև և հնարավորություն շարունակելու բարեգործության շղթան՝ $1,000,000 մրցանակն ուղղորդելով իրեն գործի ոգեշնչած կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց երեք կազմակերպություն, որոնք պայքարում են մանկական աղքատության դեմ, օգնություն տրամադրում եւ վերականգնման հնարավորություններ ստեղծում փախստական երեխաների ու որբերի համար։