Թուրքական ԶՈՒ-ն առայժմ մտադիր չէ գործողություններ ծավալել Սիրիայի Ռաքքա նահանգում: Այս մասին հայտարարել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Քալընը նշել է, որ ներկա պահին իրենք վճռական են կոալիցիոն ուժերի հետ միասին «Իսլամական պետություն» խմբավորման երկրորդ «մայրաքաղաք» Էլ-Բաբն ԻՊ-ից մաքրելու հարցում, թուրքական Habertürk-ին հղումով գրում է Tert.am-ը:
Էրդողանի խոսնակը նաև հավելել է, որ իրենք շարունակում են թերահավատորեն մոտենալ քրդական խմբավորումների` Եփրատի արևելյան ափ հետ քաշվելու մասին հավաստիացումներին և շարունակելու են պայքարել նաև նրանց դեմ:
Քալընն ընդգծել է, որ իրենց չեն հետաքրքրում այն պնդումները, թե քրդական խմբավորումներն էլ են պայքարում ԻՊ-ի դեմ:
«Հըզբոլլահն էլ է (լիբանանյան արմատական շարժում) ԻՊ-ի դեմ պայքարում, նրանց է՞լ եք արդարացնելու», - ասել է Քալընը:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միայնակ ռազմական գործողություններ սկսել սիրիական Ռաքքա քաղաքում: