4 մայիսի 2007 - 19:16 AMT
Սերժ Սարգսյանն Ալիեւի հայտարարության մասին. «Թող խոսի` ինչ ցանկանում է, մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումը»
«Հայաստանը բազամթիվ անգամներ հայտարարել է իր դիրքորոշումը. այն հստակ է եւ պարզ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «ընդհանուր համաձայնություն կա Ադրբեջանի 7 շրջանների, այդ թվում Քելբաջարի եւ Լաչինի վերադարձի մասին»: Սերժ Սարգսյանը նշել է, որ չի պատկերացնում` ինչ նպատակներ է հետապնդում Իլհամ Ալիեւը նման հայտարարություններ անելով, իսկ եթե տեղեկանա, ապա «համապատասխան եզրահանգումներ կանի»: «Թող խոսի, ինչ ցանկանում է, մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումը»,- ամփոփել է նա, չկոնկրետացնելով իր խոսքերը, հայտնում է Regnum-ը:

Հիշեցնենք, որ այսօր Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանին 7 օկուպացված շրջանների վերադարձի մասին ընդհանուր համաձայնություն կա` փուլային եղանակով, ինչից հետո անպայման նախատեսվում է ադրբեջանցիների վերադարձը իրենց հողերը»: Ընդ որում, նա պնդում է, որ այդ առաջարկներն ընդունել են ինչպես Հայաստանը, այնպես էլ բանակցությունների միջնորդները: Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, Ադրբեջանը դեմ չէ այդ տարածքում խաղաղապահների տեղակայմանը, ինչը հանդիսանում է Հայաստանի նախաձեռնությունը»: