4 մայիսի 2007 - 20:55 AMT
ՀՀ ԱԳՆ. Իլհամ Ալիեւն առաջին անգամ չէ, որ փորձ է անում հրապարակել Ղարաբաղի բանակցությունների բովանդակությունը
Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձ է անում հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակությունը, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Ի. Ալիեի արտահայտությունն այն մասին, որ «Հայաստանը համաձայն է հակամարտության փուլային կարգավորմանը»: «Կարող եմ միայն նշել, որ այս անգամ էլ որեւէ նոր «բացահայտում» չկար: Ինչպես եւ նախկինում կարող եմ վերահաստատել մեր մոտեցումը բանակցություններում, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի ճանաչման վրա: Մնացյալ հարցերը, որոնք նույնպես բանակցային սեղանի վրա են եւ քննարկվում են, ածանցյալ են եւ բխելու են հիմնական սկզբունքի ճանաչումից: Ինչ վերաբերում է ԱՀ նախագահի ռազմաշունչ հայտարարություններին եւ հակամարտության կարգավորման հարցում ուժի օգտագործման սպառնալիքներին, ապա դրանց հաճախակի կրկնումը վկայում է միջազգային պարտավորությունների նկատմամբ արհամարhանքի, նաեւ թուլության ու խորը անվստահության մասին»,- հայտարարել է Վլադիմր Կարապետյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ այսօր Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանին 7 օկուպացված շրջանների վերադարձի մասին ընդհանուր համաձայնություն կա` փուլային եղանակով, ինչից հետո անպայման նախատեսվում է ադրբեջանցիների վերադարձը իրենց հողերը»: Ընդ որում, նա պնդում է, որ այդ առաջարկներն ընդունել են ինչպես Հայաստանը, այնպես էլ բանակցությունների միջնորդները: Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, Ադրբեջանը դեմ չէ այդ տարածքում խաղաղապահների տեղակայմանը, ինչը հանդիսանում է Հայաստանի նախաձեռնությունը»: