7 մայիսի 2007 - 13:46 AMT
Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Նիկոլյա Սարկոզին
Ներքին գործերի նախկին նախարար, աջակենտրոն «Միություն հանուն ժողովրդական շարժման» առաջնորդ Նիկոլյա Սարկոզիի օգտին են իրենց ձայները տվել ընտրողների 53 տոկոսը: Սոցիալիստական կուսակցության թեկնածու Սեգոլեն Ռուայալը ստացել է ընտրողների 47 տոկոսը:

Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական տվյալներով, մասնակցությունը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին կազմել է գրեթե 85-86 տոկոս, հաղորդում է AFP-ն: Մինչ այդ առաջին փուլում քվեարկել էր 73,87 տոկոսը: Առաջին փուլի արդյունքներով ընդհանուր մասնակցությունը կազմել է շուրջ 84 տոկոս, ինչը հավասար է 1965 թվականին Շառլ դե Գոլի ընտրությունների ժամանակ գրանցված ռեկորդին:

Սարկոզիի օրոք, ըստ փորձագետների, Ֆրանսիան առանձնակի ուշադրություն է դարձնում եւ կդարձնի Անդրկովկասի երկրներին` Հայաստանին ու Վրաստանին: «Առաջին հերթին, այն պատճառով, որ ինչպես հայտնի է, Ֆրանսիայում շատ ուժեղ հայկական համայնք կա: Երկրորդը, որոշակի կապեր կան ֆրանսիական եւ վրացական քաղաքական վերնախավերի միջեւ` ամենավառ օրինակ կարող է ծառայել այն, որ «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի ԱԳՆ առաջին ղեկավար դարձավ Ֆրանսիայի քաղաքացի եւ ֆրանսիական ԱԳՆ-ի նախկին աշխատակից Սալոմե Զուրաբիշվիլին»,-գրում է «Կոմերսանտ-Վլաստը»: