8 մայիսի 2007 - 14:50 AMT
Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է հայ ժողովրդին Հաղթանակի օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի` հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ:

Մայիսը մեր ժողովրդի համար եղել է գոյամարտերի հրաշափառ ամիս, որը կերտվել է ողջ քսաներորդ դարի ընթացքում, մի քանի սերունդների շարունակական սխրանքի շնորհիվ, որի գագաթնակետը դարձավ Շուշիի եւ ողջ Արցախի ազատագրումը:

Այս տոնն ամենասիրելին է մեզ համար, որովհետ- հնարավորություն տվեց վերագտնելու մեր արժանապատիվ կեցվածքն ու խաղաղությունը, դարձավ խորհրդանիշ մեր ժողովրդի փառահեղ հաղթանակների ու հավիտենականության:

Այս տոնն ամենաթանկն է, որովհետեւ ձեռք է բերվել բազմաթիվ հայորդիների ինքնազոհողության ու հերոսացման
գնով եւ մեր ժողովրդի համար ապահովել է խաղաղ ապրելու եւ արարելու լիարժեք հնարավորություն:

Այս տոնն ամենապարտավորեցնողն է, որովհետեւ գլուխ խոնարհելով հանուն այս օրվա հերոսաբար ընկած զինվորների ու հրամանատարների անմար հիշատակի առաջ, պետք է իրականություն դարձնենք նրանց երազանքը` անառիկ Հայրենիք, շեն երկիրը, բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ:

Կրկին շնորհավորելով ձեզ, թանկագին հայրենակիցներ, հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ նորանոր հաղթանակներ` հանուն խաղաղության, բարեկեցության եւ երջանկության»: