8 մայիսի 2007 - 14:54 AMT
Հնարավոր է, որ Թուրքիայի նախագահն ընտրվի ժողովրդի կողմից
Հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը ընտրվի ժողովրդի, այլ ոչ թե խորհրդարանի պատգամավորների կողմից, ինչպես դա կատարվում է այժմ: Այդ դրույթը ներառվել է օրինագծի տեքստում, որն առաջարկել էր իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) կողմից, որի նպատակն էր դուրս գալ քաղաքական ճգնաժամից եւ որն ընդունվեց երկուշաբթի օրը խորհրդարանում առաջին ընթերցմամբ:

Այժմ գործող համակարգով, Թուրքիայի նախագահին ընտրում է խորհրդարանը, իսկ ԱԶԿ-ն, որ հիմնված է իսլամական գաղափարախոսության վրա, պնդում է, որ ընտրությունը կատարվի համաժողովրդական քվեարկությամբ: Անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարեց, որ ճգնաժամից դուրս գալու նպատակով հուլիսին կանցկացվեն վաղաժամ ընտրություններ: Դա նշանակում է, որ խորհրդարանը շուտով կարձակվի, իսկ մինչ այդ իշխող կուսակցությունը փորձում է սահմանադրական բարեփոխումներ կատարել: Նրան հաջողվել է ստանալ աջակենտրոն կուսակցություններից մեկի աջակցությունը, սակայն գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու համար կառավարությունը պետք է ստանա խորհրդարանում երկու երրորդի աջակցությունը, այսինքն հարկավոր է 367 քվե:

Երկուշաբթի, առաջին ընթերցմամբ օրինագծի քննարկման ընթացքում փաստաթղթի օգտին քվեարկել է 330 պատգամավոր: Եթե երկրորդ քվեարկության ժամանակ 367 մանդատ չհավաքվի, հարցը կդրվի հանրաքվեի: Ճիշտ է, ներկայիս նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը իրավունք ունի վետո դնել ինչպես ուղղումների, այնպես էլ հանրաքվեի մասին հարցի վրա: Առաջարկված օրինագծում նախատեսված միջոցների թվում են ոչ միայն նախագահի ուղղակի համաժողովրդական ընտրությունները, այլ նաեւ նրա աշխատանքի ժամկետի կրճատումը յոթից մինչեւ հինգ տարի: Ընդ որում պետության գործող նախագահը կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով: Ընդդիմությունը պնդում է, որ նման ուղղումների ժամանակը դեռեւս չի եկել:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ընդդիմադիր աշխարհիկ կուսակցությունները երկրորդ անգամ արգելափակեցին խորհրդարանում ներկայիս արտրգործնախարար Աբդուլլահ Գյուլի թեկնածության հաստատումը նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԶԿ-ն, սակայն ընդդիմությունը պնդում է, որ Գյուլը իսլամիստական քաղաքականություն կվարի, իսկ դա հակասում է Թուրքիայի աշխարհիկ ավանդույթներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: