Եվրամիությունը կրիտիկական վիճակում է և պետք է գործնականում ցույց տա, որ կարող է վերափոխվել: Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրատիսլավայում ընթացող ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կրիտիկական վիճակում ենք: Պետք է գործողություններով ցույց տալ, որ մենք կարող ենք բարելավել իրավիճակն անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության ոլորտում համագործակցության, տնտեսական աճի ու աշխատանքի շուկայի հարցերում»,-ասել է նա:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Եվրոպան հավատարիմ կմնա իր մարդասիրական պարտավորություններին, սակայն այն փախստականները, որոնք իրավունք չունեն ԵՄ-ում մնալու, պետք է տուն վերադառնան: «Նրանք, ովքեր մնալու իրավունք չունեն, պետք է տուն վերադառնան: Հակառակ դեպքում, մենք չենք կարողանա անել այն, ինչ ցանկանում ենք պատերազմից փախածների համար»,-ասել է Մերկելը:
Օգոստոսի 15-ին ԳՀԴ հատուկ ծառայությունները հայտնեցին փախստականների ճամբարների միջոցով մարդկանց ԻՊ շարքերում կռվելու համար անդամագրելու հարյուրավոր դեպքերի մասին: Դրանից կես տարի առաջ հայտնի դարձավ, որ ծայրահեղականները կարող էին Գերմանիա գալ փախստականների տեսքով: