ԱՄՆ դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ: «Նախորդ շաբաթ համանախագահները հանդիպում ունեցան Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հանդիպում է ակնկալվում է նաև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում»,-ասել է Սեկուտան:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Մենք գտնում ենք, որ հակամարտող կողմերը պետք է պարբերաբար հանդիպեն ու աշխատեն այդ ուղղությամբ` հանուն տարածաշրջանի կայունության, խաղաղության և բարեկեցության»,-ասել է նա:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:
Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: