8 մայիսի 2007 - 15:22 AMT
ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի ղեկավարը դժգոհ է այն փաստից, որ Թուրքիայի ներկայացուցիչների դիտորդական մասնակցությունը Հայաստանի ընտրություններին մերժվել է
«Ընտրություններին հետեւող դիտորդների հրավերը տարածվում է ԵԱՀԿ-ի անդամ բոլոր պետությունների վրա եւ երաշխավորում է կարծիքների բազմազանությունը ընտրություններում»,-հայտարարել է ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալը` մեկնաբանելով Հայաստանի մերժումը մուտքի արտոնագիր տալ «ԵԱՀԿ ութ դիտորդներին Թուրքիայից: «Առաքելության որոշ դիտորդների մասնակցության խոչընդոտումը հակասում է թափանցիկության եւ անաչառության սկզբունքներին, որոնք ժողովրդավարական ընտրությունների պարտադիր մասն են»,-ընդգծել է նա: ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի տնօրենը նշել է նաեւ, որ մերժումը անսպասելի էր, առանց պաշտոնական պատճառաբանության: Հայաստանի կառավարությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ մյուս բոլոր կառավարությունները, պարտավորություններ ունեն ԵԱՀԿ առջեւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որոնք ներառում են դիտորդների հրավիրում Կազմակերպության բոլոր երկրներից»,-հայտարարել է Շտրոհալը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության թուրք ներկայացուցիչների մասնակցության մերժումը պայմանավորված է նրանով, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: