17 սեպտեմբերի 2016 - 11:47 AMT
Կրակոցներ և ծեծկռտուք նախընտրական Էջմիածնում. Քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը սեպտեմբերի 16-ին Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնել է նրան աջակցող, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, գրում է Tert.am-ը:

«Էրեբունի» ԲԿ-ից հաստատել են, որ Թումանյանը գտնվում է իրանց հիվանդանոցի Նյարդաբանական բաժանունքում։

Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպը չի ուղեկցվել փոխհրաձգություններով: Աղբյհուրի տեղեկություններով՝ կրակոցներ հնչել են միայն Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի(գործող քաղաքապետ) մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել:

Նաև նշվում է, որ Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Փոխարենը Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց:

Ըստ աղբյուրի՝ Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցների վնասվածքներ չեն ստացել: Կարեն Գրիգորյանն այս պահին Էջմիածնում է:

Իսկ մինչ այդ, ըստ աղբյուրի տեղեկությունների, 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ: Արթուր Թումանյանը եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, որում ևս մեկ անձ է եղել:

Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն, որտեղառաջադրվել է երեք թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին:Սա Կարեն Գրիգորյանի երրորդ ընտրարշավն է: Նա արդեն երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:Մյուս թեկնածունԷջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետն է՝անկուսակցական, 54-ամյա Արթուր Խաչատրյանը: Երրորդ թեկնածուն նույնպես անկուսակցական է, ինքնաառաջադրմամբ հանդես եկած 47-ամյա Արթուր Թումանյանը: Վերջինս Էջմիածնի ավագանու նախկին անդամ է: