22 սեպտեմբերի 2016 - 16:29 AMT
ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում նոր ահաբեկչության սպառնալիքի մասին

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին Թուրքիայի հարավ-արևելքում` Գազիանտեփ գավառում ահաբեկչությունների հավանականության մասին:

«Գազիանտեփում ահաբեկչական խմբի գործունեության հետաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ ահաբեկիչները գրոհների թիրախ են ընտրել առևտրի կենտրոնները, Starbucks, Big Chef ցանցերի սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև այլ օբյեկտներ, որտեղ հիմնականում լինում են արևմտյան երկրներից ժամանած մարդիկ: Գազիանտեփում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշավոր լինել նման վայրեր այցելելիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ Պետդեպը նախկինի պես զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից մեծ սպառնալիքի մասին և խորհուրդ է տալիս խուսափել ուղևորություններից դեպի հարավ-արևելք:

Օգոստոսին թուրքական Գազիանտեփ քաղաքում քրդերի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 56 մարդ զոհվեց, որից առնվազն 22-ը` երեխա: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հավանաբար» պատահածին մեղսակից են «Իսլամական պետության» ահաբեկիչները: Բացի այդ, նա ասել է, որ մահապարտը հավանաբար 12-14 տարեկան դեռահաս է եղել: