27 սեպտեմբերի 2016 - 11:00 AMT
Թուրք նախարարը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել փակել ՀԱԷԿ-ը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել փակել ՀԱԷԿ-ը: Նա հայտարարել է, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և սպառնալիք է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Թուրքիայի համար: Թուրք նախարարն այդ մասին ասել է Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովում, հայտնում է Haqqin.az-ն Anadolu-ին հղումով:

«Մեծամորի ԱԷԿ-ը պետք է փակել: Աշխարհն ու տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ ատոմային վթարը Չերնոբիլից հետո»,-ասել է նախարարը:

Ալբայրաքը հիշեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 47 տարի առաջ: Նախարարը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին ուսումնասիրել բոլոր ԱԷԿ-ների աշխատանքը, որոնք նույն վիճակում են գտնվում: Ալբայրաքը շեշտել է, որ Մեծամորի ատոմակայանը Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում:

Աշխատանքներ են տարվում Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով: