Հռոմի պապը հուսով է, որ միջազգային հանրությունը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը հոկտեմբերի 2-ին կարճատև այցով Բաքվում էր, ասել է Ադրբեջանի կառավարության, հասարակական գործիչների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է Haqqin.az-ը:
«Ես կցանկանայի իմ աջակցությունը հայտնել բազում մարդկանց, որոնք տառապում են արյունալի հակամարտությունների հետևանքներից: Հուսով եմ, որ միջազգային հանրությունն ի զորու կլինի անհրաժեշտ աջակցությունն առաջարկել», -ասել է Հռոմի պապը:
Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար Հռոմի պապը հորդորել է բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից՝ հակամարտության լուծում գտնելու համար:
«Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և ներքաշված կողմերի բարի կամքի շնորհիվ, Կովկասը կդառնա այն վայրը, որտեղ երկխոսության միջոցով ու բանակցություններով կհանգուցալուծվեն և կկարգավորվեն տարաձայնություններն ու հակամարտությունները»-ասել է նա:
Ըստ Հռոմի պապի, աշխարհը, ցավոք, բազում հակամարտությունների ողբերգության ականատեսն է, որոնք բորբոքվում են անհանդուրժողականության պատճառով, որոնց հիմքում բռնատիրական գաղափարախոսություններն են ու ամենաթույլերի իրավունքների փաստացի ոտնահարումը:
«Արդյունավետ ձևով հակազդելու համար այս վտանգավոր շեղումներին՝ մենք պետք է նպաստենք խաղաղության մշակույթին, որը ձեռք է բերվոմ երկխոսելու մշտական պատրաստակամությամբ և այն գիտակցումով, որ համբերությանն ու համատեղ լուծումների ջանադիր որոնմանն այլընտրանք չկա», -ասել է Հռոմի պապը:
Ավելի վաղ, խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Ֆրանցիսկոս պապն ասել էր. «Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ: Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում։ Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ձևի շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»:
Հունիսի 24-26ը տեղի ունեցավ Հռոմի պապի եռօրյա այցը Հայաստան:
Ընթերցեք նաև. Ինչպես կհիշվի Պապի այցը