16 մայիսի 2007 - 14:50 AMT
Ս.Սարգսյան. Եթե ՀՀԿ-ն համապատասխան որոշում կայացնի, ես կմասնակցեմ նախագահական ընտրություններին
«Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) համապատասխան որոշում կայացնի, ես կմասնակցեմ 2008 թվականի նախագահական ընտրություններին»,-մայիսի 16-ին լրագրողներին է հայտնել ՀՀԿ խորհրդի ղեկավար, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հաղորդել է, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունում փոփոխություններ «լինելու են եւ էական փոփոխություններ»: Մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների ընթացքը` Սարգսյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում «եղել են բացթողումներ, սակայն աշխարհի եւ ոչ մի երկրում իդեալական ընտրություններ չեն լինում եւ միշտ լինում են դժգոհներ»: «Դժգոհներ չեն լինում, եթե չկան պարտվածներ: Մենք, Հանրապետական կուսակցությունը, գոհ ենք ընտրությունների արդյունքներից եւ կանենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ ընտրություններն լիովին համապատասխանեն օրենքին»,-ասել է Սարգսյանը: Նշենք, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 32,8 տոկոսը:
Սարգսյանը բացառել է Հայաստանում վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացումը: Նա նաեւ հավանություն չի տվել երկրում կոալիցիոն կառավարության ձեւավորման գաղափարին: «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, սակայն դեռեւս վաղ է խոսել կոալիցիայի մասին»,-հայտարարել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է կայանան 2008 թվականի սկզբին: