4 հոկտեմբերի 2016 - 12:37 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն սպասում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպելու համաձայնությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնություն կտան ԼՂ հարցով հաջորդ հանդիպման կազմակերպմանը: Այդ մասին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հուսով ենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպման անցկացմանը: Այս պահի դրությամբ վայրն ու ժամկետը հայտնի չեն»,-ասել է Ուորլիքը:

Ըստ նրա, համանախագահներն աշխատում են կողմերի հետ հակամարտության հանգուցալուծման նպատակով:

«Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ ԳՎ նիստում համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկելու համար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև քննարկելու համար հետագա քայլերը:

Տարածաշրջան այցի ժամանակ, որը տեղի կունենա ամսվա վերջին, մենք նախատեսում ենք հանդիպումների և հարցերի քննարկում կողմերի հետ»,-ասել է դիվանագետը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: