18 մայիսի 2007 - 15:33 AMT
Այսօր ԼՂՀ-ում նշում են Լաչինի միջանցքի բացման 15-ամյակը
Մայիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի (Լաչինի) շրջկենտրոն Բերձորում կայանալու են մի շարք մարզա-մշակութային միջոցառումներ` նվիրված Լաչինի միջանցքի բացման 15-ամյակին: Դրանց մասնակցելու են հանրապետության եւ շրջանի ղեկավարության ու հասարակության ներկայացուցիչները, հաղորդում է Regnum-ը: Շարունակվող շրջափակման պայմաններում Լաչինի միջանցքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, եւ այդպիսով արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:

Լաչինի միջանցքի բացման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թվականի մայիսի 17-18: Ռազմական աղբյուրների տվյալներով, Ստեփանակերտի հարավ-արեւմտյան ծայրամասերում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց եւ Շուշիի ազատագրումից հետո ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերը նախաձեռնել են Լեռնային Ղարաբաղի համար ռազմա-օպերատիվ եւ կենսական նշանակություն ունեցող Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը: Գործողությանը մասնակցել են Ինքնապաշտպանության 2-րդ, 5-րդ, 6-րդ վաշտերը, տարբեր կամավոր ջոկատներ Այգեստանից, Խնացախայից, Դագրավից, Ակնաղբյուրից, Ավետարանոցից, Սարինշենից, Քարինտակից, Բերդաձորից եւ Հայաստանից: Մայիսի 17-ին Ինքնապաշտպանության ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Ծաղկաձոր, Կանաչ տալա, Մեծշեն, Հինշեն գյուղերը: Մայիսի 18-ին ղարաբաղյան միավորումները մտել են Լաչին, ապա դուրս են եկել Հայաստանի պետական սահման` բացելով «Հումանիտար միջանցք», որը Լեռնային Ղարաբաղին կապում է Հայաստանի հետ: