18 մայիսի 2007 - 19:19 AMT
Թոմ Ուդալը դարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ հանդես եկող 193-րդ կոնգրեսականը
Նյու Մեքսիկո նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմ Ուդալը դարձավ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման 106-րդ բանաձեւին կողմ հանդես եկող 193-րդ կոնգրեսականը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Թոմ Ուդալը ներկայացնում է Նյու Մեքսիկո նահանգի հյուսիսային հատվածը եւ հանդիսանում է ԱՄՆ Կոնգրեսի Հատկացումների հանձնաժողովի անդամ: «Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Ուդալին իր դիրքորոշման համար, ըստ որի ԱՄՆ-ի համար ժամանակն է խոսել Հայոց ցեղասպանության մասին` բարոյական տեսանկյունից: Երկար ժամանակ ԱՄՆ-ն հանդիսացել են թուրքական կառավարության գերին, եւ դա Թուրքիային պատմության մութ էջերը թաքցնելու հնարավորություն էր տալիս: Ուդալի աջակցությունը ցուցադրում է, որ լռությունը Հայոց ցեղասպանության հարցում չի արդարացվել»,- գտնում է ANCA-ն: