11 հոկտեմբերի 2016 - 10:34 AMT
Սասունյան. Ավելի նպաստավոր է քվեարկել Կոնգրեսի անդամների օգտին, որոնց դիրքորոշումը հայկական հարցերում հայտնի է

Ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ:Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Հեղինակը նշում է, որ զարմանալիորեն, ոչ Քլինթոնը, ոչ էլ Թրամփը որևէ ջանք չեն գործադրել ամերիկահայ ընտրողներին գրավելու համար՝ չնայած նախագահական թեժ մրցավազքին: «Երկու թեկնածուներն էլ չեն մասնակցել որևէ հայկական միջոցառման, չեն կազմակերպել հանդիպումներ համայնքի անդամների հետ և չեն ձգտել դրամական միջոցներ ներգրավել նրանցից: Գերադասելի է, որ նախագահի թեկնածուները որևէ խոստում չտան, եթե չեն պատրաստվում դրանք իրագործել, այդպիսով ամերիկահայերը չեն վատնելու իրենց փողն ու քվեները, իսկ ընտրություններից հետո փրկվելու են ավելի մեծ վրդովմունքից և հիասթափությունից:

Իհարկե, ամեն մեկն ազատ է իր քվեն տալու իր նախընտրած թեկնածուին: Նաև յուրաքանչյուրն ազատ է քվեարկել երրորդ կուսակցության թեկնածուների օգտին կամ չքվեարկել ընդհանրապես»,-ասվում է հոդվածում:

Սասունյանը նշում է, որ մինչ լրատվամիջոցները մշտապես լուսաբանում են նախագահի թեկնածուների մասին, կան բազմաթիվ տեղական և նահանգային ընտրություններ, որոնց վերաբերյալ լուրերը հազվադեպ են: Օրինակ՝ Կոնգրեսի 435 անդամները և ԱՄՆ 100 սենատորների մեկ երրորդը, որոնք ընտրվելու կամ վերընտրվելու են նոյեմբերի 8-ին:

«Ի տարբերություն Սպիտակ տան թեկնածուների, որոնք ընտրություններից հետո հնարավոր է աջակցեն կամ չաջակցեն հայկական հարցերին, Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների մեծ մասն արդեն մի քանի տարի աշխատել է Կոնգրեսում և հետևաբար, հայկական հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումները հայտնի են: Ուստի, նրանց ի նպաստ քվեարկելու համար գուշակության կարիք չկա… Նրանք ապացուցված փորձ ունեն՝ դրական, բացասական կամ միջանկյալ»,-ասվում է հոդվածում:

Կազմվել է Ներկայացուցիչների պալատի և Սենատի այն անդամների ցանկը, որոնք ստացել են գերազանց (A) կամ չափազանց վատ (F) գնահատական Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից՝ ամերիկահայերի հարցերի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում նրանց դիրքորոշումների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Նրանք, ովքեր ստացել են A գնահատականը, արժանի են հայ համայնքի աջակցությանը: Նրանք, ովքեր իրենց անվան դիմաց ունեն F տառը, խիստ բացասական դիրքորոշում ունեն հայկական հարցերի վերաբերյալ, ուստի նրանք չպետք է ստանան հայ համայնքի աջակցությունը: D և R տառերով նշված են դեմոկրատները և հանրապետականները: Կոնգրեսի բոլոր անդամների ամբողջական ցանկը և նրանց գնահատականները ներկայացված են www.anca.org/report-card կայքում: