22 մայիսի 2007 - 16:25 AMT
Իլհամ Ալիեւը փորձում է շանտաժի ենթարկել համաշխարհային հանրությանը
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպումը նոր բան չի տա հակամարտության լուծման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, այն տեսակետը, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո բանակցային գործընթացը կակտիվանա, ոչ մի հիմք չունի: «Ընտրություններն ու հակամարտությունը բոլորովին տարբեր ձեւաչափեր են եւ զուգահեռներ անցկացնելն անտեղի է: Իսկ միջնորդներն այս անգամ, ինչպես միշտ կասեն, որ գրեթե բոլոր հարցերը համաձայնեցված են, մնացել է մեկը, որը կարող է լուծվել քաղաքական կամքի առկայության դեպքում եւ այլն եւ այլն»,-նշել է Ա.Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի պարբերաբար «զենք թափ տալուն», ապա, ըստ հայ քաղաքագետի, Ադրբեջանի նախագահի հայտարարություններն արվում են ներքին օգտագործման համար: «Կա նաեւ միջնորդներին եւ համաշխարհային հանրությանը շանտաժի ենթարկելու փորձ»,-ասել է Իսկանդարյանը: