23 մայիսի 2007 - 14:09 AMT
Հայաստանը չի պատրաստվում խաղաղարարներ գործուղել Աֆղանստան
Մայիսի 24-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների գումարտակի հերթափոխը: Յոթերորդ հերթափոխի կազմում Կոսովո կմեկնեն 34 հոգի: «Կոսովոյում եւ Իրաքում մեր խաղաղարարները ստանում են ամենաբարձր գնահատականները` այդ թեժ կետերում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված իրենց գործունեության համար»,-ճանապարհման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, հայ խաղաղապահները հաջողությամբ համագործակցում են այլ խաղաղապահ ուժերի հետ Կոսովոյում եւ Իրաքում: «Այս գումարտակն այն օրինակն է, որի հիման վրա մենք կարող ենք ձեւավորել խաղաղապահ բրիգադ»,-ընդգծել է Հարությունյանը: Միեւնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ օրակարգում Աֆղանստան ՀՀ բանակի համակազմ գործուղելու մտադրություն չկա:

Արարողության ժամանակ 4 զինծառայողներ պարգեւատրվեցին «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, 5-ը` «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Եվս 43 խաղաղապահներ ստացան ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Հիշեցնենք, որ խաղաղապահների 6-րդ հերթափոխը Կոսովո էր մեկնել նոյեմբերի 14-ին: Խաղաղապահ համակազմի ռոտացիան կատարվում է վեց ամիսը մեկ: