23 մայիսի 2007 - 16:21 AMT
Հայկական կողմն անցած ադրբեջանցի զինվորը ցանկանում է մնալ Հայաստանում
Ադրբեջանցի զինծառայող Սամիր Մամեդովը, որը 2006 թվականի դեկտեմբերին կամավոր հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ հանձնվել հայկական կողմին, չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Ինչպես հաղորդել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակում, Սամիր Մամեդովը, որը գտնվում է Կենտրոնի քրեական-ուղղիչ հաստատությունում օրերս Հայաստանի օմբուդսմենի աշխատակիցներին հայտարարել է, որ չի բողոքում պայմաններից եւ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Ս.Մամեդովը պատմել է, որ մեծացել է մանկատանը, կամավոր մեկնել է ծառայության Ադրբեջանի ԶՈԻ-ում, հետո փախել է բանակից, հատել է սահմանը եւ հանձնվել է հայկական կողմին: Նա նաեւ հաղորդել է, որ վերջերս նամակ է ստացել Ադրբեջանից, որտեղ իրեն գրած անձինք ներկայացել են որպես ծնողներ եւ խնդրել են վերադառնալ: Սամիր Մամեդովը վրեժից վախենալով նույնիսկ չի ցանկանում մի երրորդ երկիր մեկնել եւ ուզում է բնակություն հաստատել Հայաստանում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ Բաքվում օրերս Ռազմական դատարանում, որը հետաքննում է ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը, դատավոր Ջամաի Ռամազանովի նախագահությամբ ավատրվեց Ադրբեջանի ազգային բանակի զինվոր Վուսալ Հարաջաեւի քրեական գործով դատավարությունը, որը գերեվարվել էր ԼՂՀ տարածքում անցյալ տարվա դեկտեմբերին: Մեղադրայլին դատապարտել են 11 տարվա ազատազրկման: Նիստոի ժամանակ պետական մեղադրողը պահանջել է 13 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի կալանքով:
Ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում Հարաջաեւի հանդեպ քրեական գործ է հարուցվել 274` դավաճանություն Հայրենիքին եւ 338.1` պահակախմբի հերթափոխման կանոնների խախտում հոդվածներով: Վ.Հարաջաեւն անցել է ղարաբաղյան կողմը եւ կալանավորվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զենքը ձեռքին 2006 թվականի դեկտեմբերի 7-ին Աղդամի ուղղությամբ` ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:
Ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն, ԼՂՀ իշխանությունները ժամանակին տեղեկացրել են կատարվածի մասին ԼՂ-ում հավատարմագրված ԵԱՀԿ եւ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչություններին: Դեկտեմբերի 23-ին Վ.Հարաջաեւը փոխանցվել է ադրբեջանական կողմին: