23 մայիսի 2007 - 19:44 AMT
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:
Մայիսի 22-ին Անկարայում` առեւտրական կենտրոնի մուտքի մոտ, ամենաաշխույժ ժամին, պայթյուն է տեղի ունեցել, արդյունքում զոհվել է վեց մարդ, ավելի քան հարյուրը վիրավորվել են: Թուրքական իշխանությունները գտնում են, որ ահաբեկչությունը կազմակերպվել է քուրդ ահաբեկիչների կողմից:
Նշենք, որ Անկարայի նահանգապետ Քեմալ Օնալը հայտնել է, որ պայթյունն իրագործվել է ահաբեկիչ-մահապարտի կողմից: Ըստ հաստատված տվյալների, պայթուցիկն ամրացված էր 1979 թվականին ծնված Գյուվեն Ակուշի գոտուն, ով ապրում էր Սիվաս նահանգում: Նահանգապետը նաեւ հայտնել է, որ հետաքննությունը հանգել է այն եզրակացությանը, որ ահաբեկչության «ձեռագիրը» հատուկ է երկրի անջատողական խմբավորումներին: