15 հոկտեմբերի 2016 - 15:21 AMT
Պայթյուն Բաղդադում սգո արարողության ժամանակ. 30-ից ավելի զոհ կա

Բաղդադում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն սգո արարողության ժամանակ, հայտնում է Reuters-ը ոստիկանության վրա հղումով:

Առնվազն 31 մարդ է զոհվել, մոտ 30-ը` վիրավորվել:

Պայթյունը որոտացել է Բաղդադի Շահաբ թաղամասի շուկայում: Այնտեղ վրան էր տեղադրվել մարգարե Մոհամմեդի թոռ` իմամ Հուսեյնի հիշատակման համար, որը սպանվել է VII դարում: Հենց այդ սգո արարողության ժամանակ է մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել, գրում է «Կոմերսանտը»:

Ահաբեկչության պատասխանատվությունն ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել:

Սեպտեմբերի 27-ին մոտ 20 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված 2 պայթյունի արդյունքում: Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մզկիթի հարևանությամբ` Նոր Բաղդադ թաղամասի կենտրոնական հրապարակում: Ըստ տեղեկությունների, զոհերի թիվը կարող է հասնել 9-ի: Մոտ 15 մարդ վիրավորվել է:

Գործնականում միաժամանակ Բաղդադի հարավում` Էլ Բիյա թաղամասում պայթուցիկ է գործի դրվել տեղաբնակների ամբոխում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 9 իրաքցի, 26-ը վիրավորվել է: