
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ հոկտեմբերի 17-ին Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ»:
Մինչև այս Արթուր Հովհաննիսյանը Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալն էր:
Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. փետրվարի 10, ք. Երևանում։ 2013 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: 2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը: 2010-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը: 2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը: 2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում:Անկուսակցական է: Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: 2013թ. նոյեմբերի 4-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբԱտոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից»։
Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը ստանձնել է 1999թ. հուլիսի 9–ին: Գլխավոր գանձապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում համակարգել է գանձապետական համակարգի փուլ առ փուլ ներդրումը և հետագա բարելավմանն ուղղված աշխատանքները: Կազմակերպել է գանձապետարանում կիրառվող ընթացակարգերի մեթոդաբանական զարգացումները և թղթային եղանակով իրականացվող գործառնությունների ավտոմատացման գործընթացը: Արդյունքում ներդրվել են գանձապետարանի գործառնական օր ծրագրային համակարգը (ԳԳՕ), գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման համակարգը (Client-Treasury), բյուջեների կատարման հաշվետվությունների էլեկտրոնային համակարգը, պետական վճարումների էլեկտրոնային համակարգը (e-Payments), Պետական պարտքի կառավարման և ֆինանսական վերլուծությունների համակարգը (DMFAS 6):
Մինչ7 այդ` 1995-1999 թվականներին աշխատել է ֆինանսների նախարարությունում և նշանակալի մասնակցություն է ունեցել գանձապետական համակարգի ներդրման գործում: Նրա կողմից մշակվել է գանձապետարանի գործունեության նախադրյալներ ապահովող «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների դրամարկղային կատարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վերաբերյալ» հրահանգը, որով նախատեսված գանձապետական գործառնությունների ղեկավարման համակարգը ներդրվել է Հայաստանի գանձապետարանում. արդյունքում պետական և համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի դրամարկղային գործառնությունների հաշվառումը բանկային համակարգից տեղափոխվել է գանձապետարան: