Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել միջազգային կոալիցիայի հետ` Անկարան կմասնակցի ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից իրաքյան Մոսուլի ազատագրմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
«Անհրաժեշտության դեպքում մեր ուժերը կանդամակցեն կոալիցիային Մոսուլում: Գլխավորը դրա կազմում ընդգրկվելն է: Կոալիցիային Թուրքիայի մասնակցության վերաբերյալ սկզբունքային համաձայնություն կա»,-ասել է Յիլդիրիմը լրագրողներին Անկարայում իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո:
Ավելի վաղ Յիլդիրիմը հայտարարել էր, որ թուրքական ռազմական ավիացիան մասնակցում է Մոսուլի ազատագրման գործողությանը, իսկ «ցամաքում» առաջին շարքերում են Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմական Բաշիկա ճամբարում նախապատրաստված իրաքյան աշխարհազորի մարտիկները:
Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: