Հոկտեմբերի 20-ին գործադիրի նիստը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է գյուղական բնակավայրերում տրանսպորտի խնդիրները բարձրաձայնելուց:
Նա հանձնարարել է ուսումնասիրել գյուղական բնակավայրերում առկա տրանսպորտային խնդիրները և ներկայացնել դրանց կարգավորման առաջարկություններ:
«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքների կազմակերպման խնդիրը: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել հարցը, չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով:
Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում, նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը, գրում է Panorama.am-ը:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: