26 մայիսի 2007 - 17:02 AMT
Թուրքիան պատերազմի է դրդում Ադրբեջանին
«Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել խաղաղ ճանապարհով: Յուրաքանչյուրը պետք է իմանա` արյամբ գրավված հողը չի կարող վերադարձվել առանց արյունահեղության»,-հայտարարել է Թուրքիայի ՌՕՈՒ հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Յաշար Դեմիրբուլաղը: Նշելով, որ ինքն ակտիվ մասնակցություն է ունեցել ադրբեջանական բանակի կառուցմանը, Դեմիրբուլաղն ընդգծել է, որ եթե Ադրբեջանը մտադիր է լուծել այդ հարցը միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, նա պետք է մեկ անգամ եւս ամեն ինչ ծանրութեթեւ անի: «Այդ հողերը կորցվեցին ոչ թե ադրբեջանական բանակի պարտվելու եւ ոչ թե հայերի առավել ուժեղ բանակի հզորության, այլ դավաճանության արդյունքում: Ուստի Ադրբեջանը կվերադարձնի այդ հողերը միայն սեփական ուժերով: Ամեն ոք պետք է իմանա, որ այդ գործը չի լուծվի ոչ ԵԱՀԿ մարդասիրության, ոչ ԱՄԿ-ի հրահանգների, ոչ այլ միջազգային կազմակերպությունների կարեկցանքի օգնությամբ: Եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով ազատել իր հողերը, նա կկարողանա փրկել իր հողերը: Աշխարհն այլ կերպ կնայի Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու դեպքում»,-ընդգծել է թուրք գեներալը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Յ.Դեմիրբուլաղն ադրբեջանցի է ծագումով: Նա ծնվել է Երեւանից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում: Թուրքական բանակում ծառայելուց հետո գեներալ Դեմիրբուլաղը ակտիվորեն մասնակցել է ադրբեջանական բանակի կազմավորման առաջին փուլին եւ եղել է Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ռազմական խորհրդականը: