20 հոկտեմբերի 2016 - 13:33 AMT
«Ավրորա» նախաձեռնությունը Մատենադարանին $20.000 դրամաշնորհ է տրամադրել

«Ավրորա» նախաձեռնությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին 20 հազար դոլարի դրամաշնորհը որոշել է տրամադրել հոկտեմբերի 8-ին` Սուրբ Թարգմանչաց տոնին՝ միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին:

Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվելու է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք կայցելեն թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու թանգարանային կառավարման և ներկայացման նորագույն սկզբունքներին, ինչպես նաև զարգացնելու օտար լեզուներով աշխատող գիդ-էքսկուրսավարների անհրաժեշտ հմտությունները:

«Մատենադարանը, լինելով գիտական կառույց, կարևորում է տեղեկատվության մատուցման որակը և ճշգրտությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիդերի մասնագիտական պատրաստվածությանը: Այս համագործակցությունը մեզ համար չափազանց կարևոր է, և մենք ուրախ ենք, որ այն աստիճանաբար ստանում է ռազմավարական բնույթ»,- նշել է թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որպես գիտական և մշակութային կենտրոն ունի օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը։

«Դրամաշնորհի տրամադրման որոշումը Սուրբ Թարգմանչաց տոնին կայացնելն ավելին, քան խորհրդանշական է: Այս դրամաշնորհով մենք հպարտությամբ շարունակում ենք 5-րդ դարի թարգմանիչների ավանդույթները` ամրապնդելով հայերի և Հայաստանի տեղը համաշխարհային մշակույթի մեջ: Հայաստանի մշակութային ժառանգությունը լավագույնս ներկայացնելը որակավորված գիդ-էքսկուրսավարների միջոցով շատ կարևոր է, և այն համընկնում է մեր նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մեջբերում է Auroraprize.com-ը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Մատենադարանն առաջին անգամը չէ, որ գործակցում են: Հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում 2015 թվականին ինստիտուտը, ստանալով 25 հազար դոլարի դրամաշնորհ, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Արդեն շուրջ 700 ձեռագիր մատյան և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր են թվայնացվել ծրագրի օգնությամբ. թվայնացման գործընթացը շարունակվում է: «Ավրորա» նախաձեռնության Հիշողության պահպանման Armenian Memory Act ծրագիրն ուղղված է պահպանելու հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը:

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։