28 մայիսի 2007 - 15:15 AMT
Երկու օրվա ընթացքում կլուծվի Հայաստանում կոալիցիայի ձեւավորման հարցը
Երկու օրվա ընթացքում կլուծվի Հայաստանում կոալիցիայի ձեւավորման հարցը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Ավելի վաղ այդ մասին ասել էր նաեւ պետության ղեկավարը: «Ճիշտ կլինի, եթե կոալիցիոն կառավարություն ձեւավորվի, սակայն ինչ ձեւաչափով, դրա շուրջ դեռեւս բանակցություններ են ընթանում: Հայաստանում ձեւավորվել է կոալիցիոն կառավարման մշակույթ, որը մի քանի տարվա ընթացքում որոշակիորեն արմատացել է մեր մեջ: Կոալիցիոն կառավարության ձեւավորումը շատ կարեւոր է երկրի զարգացման համար»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
Միեւնույն ժամանակ Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ արտախորհրդարանական քաղաքական գործիչները «դուրս կգան հետընտրական սթրեսից եւ կփորձեն առավել կառուցողական լինել: Եվ իրենց գնահատականներով ոչ թե կգնան դեպի ինքնամեկուսացում, այլ նորմալ կինտեգրվեն, կապրեն: Ով է ասել, թե ինչ-որ մեկի ճակատին գրած է, թե ինքը կամ իր կուսակցությունը միշտ պետք է խորհրդարանում լինի»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, երկրի շրջանները կատարած ուղեւորության ժամանակ: