29 մայիսի 2007 - 14:31 AMT
Մինչեւ 2012 թվականը Հայաստանում արդեն կարող է ձեւավորվել խաղաղապահ բրիգադ
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (IPAP) Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադը պետք է ձեւավորվի մինչեւ 2015 թվականը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության եւ պաշտպանության ծրագրերի վարչության պետ գեներալ Միքայել Մելքոնյանը: Սակայն, նրա խոսքերով, հայկական կողմը կարող է ձեւավորել այդ բրիգադն արդեն մինչեւ 2010-2012 թթ. «Մենք բազա ունենք դրա համար եւ պատրաստված կադրեր: Բրիգադը լինելու է հայկական բանակի էլիտար ստորաբաժանումը»,-ընդգծել է Մելքոնյանը: Մ.Մելքոնյանը հիշեցրել է, որ ներկայումս հայ խաղաղապահները մասնակցում են խաղաղության եւ կայունության պահպանմանը Կոսովոյում եւ Իրաքում: «Հայ խաղաղապահները բարձր գովասանքների են արժանացել ԱՄՆ պաշտպանության նախարարությունից եւ ՆԱՏՕ-ից Կոսովոյի եւ Իրաքի գործողություններում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի եւ լավ պատրաստվածության համար»,-ասել է նա: Իրաքում տեղակայված հայկական գումարտակը զուտ տեխնիկական խնդիրներ է կատարում լեհական զորակազմի կազմում, իսկ Կոսովոյւմ գումարտակը հունական խաղաղապահ բրիգադի մաս է կազմում:

2002 թվականին մայիսի 29-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց խաղաղապահների օր: