29 մայիսի 2007 - 15:01 AMT
Հայաստանի ռազմական դոկտրինը պատրաստ կլինի նախատեսված ժամկետից շուտ` մինչեւ 2008 թվականի ավարտը
Հայաստանն ի վիճակի է հաջողությամբ իրականացնել Հայաստան-ՆԱՏՕ IPAP Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները եւ հուսալի հիմքերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության եւ պաշտպանության ծրագրերի վարչության պետ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը: Նրա խոսքերով, Հայաստանի ռազմական դոկտրինը պատրաստ կլինի մինչեւ 2008 թվականի ավարտը, ինչը նախատեսված ժամկետից շուտ է: «Մենք պետք է ավարտենք դոկտրինի մշակումը մինչեւ 2008 թվականը, սակայն այժմ արդեն դոկտրինի մշակման աշխատանքներն ընթանում են բարձր տեմպերով: Մոտակա ամսում կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը մասնագետների կողմից նախապատրաստված նախագծի հիման վրա կսկսի իր աշխատանքը»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ գործնականում լուծված է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ձեւավորման հարցը: «Կառավարությունը համապատասխան միջոցներ է հատկացրել եւ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում արդեն հաստատվել է Զինված ուժերի գծով օմբուդսմենի օգնականի առանձին հաստիք»,-ասել է Մելքոնյանը: Գեներալ-մայորն ընդգծել է, որ ցանկացած զինծառայող կարող է օգնության ակնկալիքով ազատ դիմել մարդու իրավունքների պաշտպանին: