Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում ևս մեկ քիմիական գրոհի համար: Այդ մասին հայտնել է Reuters-ը կազմակերպության զեկույցի վրա հղումով:
ՄԱԿ-ն ու ՔԶԱԿ-ը եկել են այն եզրակացության, որ սիրիական իշխանությունները թունավոր գազ են օգտագործել Իդլիբում` գրոհն իրականացվել է 2015-ի մարտի 16-ին գավառի հյուսիսային հատվածում:
Զեկույցում ասվում է նաև, որ սիրիական ՌՕՈւ-ն ուղղաթիռներ է կիրառել տակառային ռումբեր նետելու համար, որոնք պարունակում էին քլորին, թունավոր գազ: Ըստ գործակալության, ուղղաթիռները թռել են 2 բազայից, որոնցից մեկում տեղակայված են երկրի ՌԾՈւ ուղղաթիռները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հետաքննության արդյունքում կազմակերպությունները պատասխանտու են ճանաչել Սիրիայի կառավարությանը 9 քիմիական գրոհից 2-ի դեպքում, գրոհներից մեկը կատարել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»:
Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ՔԶԱԿ զեկույցը օգտակար է համարում և պատրաստ է աջակցել հետաքննությանը: Իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի կարծիքով, զեկույցի գծով դեռ շատ հարցեր կան»: Չուրկինը նաև հայտարարել է, որ ՄԱԿ և ՔԶԱԿ զեկույցը դեռ բավարար չէ Դամասկոսի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներ սահմանելու համար:
2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ:
2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը: